Որոնում/search

15.12.16

ԶԻՆՎՈՐԻ ԸՆՏԱՆԻՔՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

46-ամյա Քամալյան Ջեմմայի բազմանդամ ընտանիքը բնակվում է մշտապես թշնամու գնդակոծության տակ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Սևքար գյուղում: 5 երեխաներից ավագը ծառայում է Հայոց բանակում: Ընտանիքը, որը չունի սեփական կացարան` ապրում է վարձով: Քամալյանների տունը զուրկ է կոմունալ բոլոր հարմարություններից, սակայն դրսում չհայտնվելու համար պետությունից տրվող չնչին գումարից վճարում է նաև տան վարձը: Ընտանիքի մոր խոսքերով` չունենալով աշխատանք, այնուամենայնիվ, ամռանը փորձում են անտառից հավաքած բարիքների շնորհիվ մեղմել երեխաների քաղցը, սակայն այդկերպ ևս հնարավոր չէ ընտանիք պահել` հատկապես հիմա` ձմռան խիստ սառնամանիքին: Պատահում է, որ 56-ամյա ազատամարտիկ ամուսինը գյուղում չնչին գումարի դիմաց որոշ աշխատանքներ է կատարում, սակայն դրանք ևս մշտական բնույթ չեն կրում, իսկ երեխաները ամեն օր սնվելու կարիք ունեն: Մեր մշտական հարցադրումներից մեկին, որ հղում ենք բոլոր ընտանիքիներին, թե առաջնահերթ ի՞նչ է ցանկանում ունենալ ընտանիքը`տիկին Ջեմման նշեց, որ այսօր` այս ցուրտ ձմռանը, առավել քան լուրջ է սննդի հարցը, որպեսզի երեխաները հացին մոտենալիս` իր աչքերի մեջ վախեցած չնայեն և համարձակ ուտեն այնքան, որ կիսաքաղց չքնեն: Այս բազմանադամ ընտանիքում խնդիրները շատ են, հաշվի առնենք, որ տունը գտնվում է անբարեկարգ վիճակում, կենցաղային իրերից գրեթե զուրկ, ինչ էլ կա` պատկանում է տանտիրոջը: Մոտենում է Ամանորը, իսկ այս ընտանիքում անգամ հեռուստացույց չկա, որը գոնե ինչ-որ չափով երեխաներին կկտրեր առօրյա ծանր հոգսերից: Մոր խոսքերով`անգամ մեկ պարկ ալյուրը մեծ ուրախություն կպարգևի իրենց: Երեխաները որքան կուրախանան, եթե ձմռան այս ցրտին տաք հագուստ և կոշիկներ ունենային: Եւ որքան ուրախալի կլիներ, եթե այս ընտանիքը Ամանորին ընդառաջ մեր օգնությունների շնորհիվ փոքր-ինչ թեթևացներ իր հոգսերը, լուծվեր հացի խնդիրը, Ամանորին գոնե թեթև տոնական սեղան ունենային, անգամ հնարավորություն ստեղծվեր, որ ընտանիքը խոզեր և հավեր պահեր` որպես մշտական եկամուտի աղբյուր: Սիրելի՜ հայրենակիցներ, պատկերացրեք, որ միասին կարող ենք ուրախ և անհոգ Ամանոր նվիրել այս բազմանդամ ընտանիքին, որը բնակվում է սահմանամերձ Սևքար գյուղում:

ՄԻԱՑԵՔ "ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ" ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

No comments:

Post a Comment