Որոնում/search

14.6.16

Բութ անկյուններ ԱրմենիաTVից

Անբարոյականություն և զրպարտանք. այլ բառերով չեմ կարող բնութագրել <<Արմենիա>> հեռուստաընկերության <<Սուր Անկյուն>> հաղորդաշարի 12.06.2016թ.-ի թիվ 197 թողարկման 26:25 րոպեից 37:37 րոպեն ընկած ժամանակահատվածի տեսանյութը՝ Ժիրայր Սեֆիլյանի մասին:
Հասկացանք, որ այսօր Ժիրայրն իր քաղաքական գործունեությամբ անցանկալի անձ է, բայց ավելի նողկալի է պատմության կեղծումը ու այն՝ ցանկալի սուբյեկտիվ ուղիով հանրությանը մատուցելը:
Այսօր ես էլ չեմ կիսում իմ հին ընկեր Ժիրայր Սեֆիլյանի ներկա քաղաքական հայացքներն ու գործողությունները, շատ ձեռնարկներ համարում սխալ:Բայց դա ինձ իրավունք չի վերապահում, որ սևացնեմ, կեղծեմ ու ինձ համար շահավետ ձևով մատուցեմ անցյալի պատմությունը: Այդ հաղորդման մեջ ներկայացվող Ժիրայր Սեֆիլյանը չէր կարող լինել մի գումարտակի հրամանատար, որը և այդ՝ 1992 թվականին և հաջորդ երկու տարիներին, մինչև 1994 թվականի մայիսյան զինադադարը՝ իր ուրույն փառապանծ մարտական ուղեգիծը թողեց արցախյան ազատագրական պայքարի մեջ: Ինչպե՞ս կարող էին ՀՅԴ Շուշիի առանձնակ գումարտակի տղաները գնային մի մարդու հետևից, որը կարող էր լքել վիրավոր մարտական ընկերոջը:
Տեսանյութում դեպքը պատմում է Թալիշի այդ ժամանակվա կոլտնտեսության նախագահ Արարատ Սարգսյանը, որն այդ ժամանակ էլ ազատամարտիկ չէր ու որպես տեղանքը ճանաչող՝ ուղեկցել է հետախուզություն իրականացնող մարտական ստորաբաժանմանը: Այդ օրերի մասին չիմացողներին ասեմ, որ արդեն ընկել էին Շահումյանի շրջանը, Մարտակերտ քաղաքը՝ իր դաշտային գյուղերով, հակառակորդը մխրճվում էր Մարտակերտի շրջանի մեջ, իսկ հայակական կողմը՝ թե մարտական ջոկատները, թե խաղաղ բնակչությունը՝ նահանջում էին շրջանի խորքը՝ դեպի Հաթերքի ուղղությամբ: Հյուսիսում որոշ ուժեր՝ ՀՅԴ Շուշիի առանձնակ վաշտի (պաշտոնապես գումարտակ դարձավ 1992թ.-ի նոյեմբերին) հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ՝ փորձում էին կասեցնել վերևից եկող հակառակորդի ուժերին:
Ու այդ ժամանակ էլ տեղի ունեցավ դեպքը: Պայթյուններից վիրավորվեցին մի քանի հոգի, որոնց մեջ՝ Արարատ Սարգսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը: Փաստորեն՝ նախատեսվող հետախուզությունը ձախողվեց և պետք է նահանջեին:
Բայց կային վիրավորներ, իսկ նահանջի բնագիծը բավականին հեռու էր՝ ինքնուրույն տեղաշարժվելու համար: Բնականաբար, եթե բոլորին հանել հնարավոր չէ՝ առաջնահերթ պետք էր մտածել վիրավորներին հանելու մասին: Իսկ Արարատ Սարգսյանը համարվում էր զոհված, քանի որ զարկերակը ստուգել ԷԻՆ, ու նման հետևություն այդ պահին արել, քանի որ կենդանության այլ նշույլ ցույց չէր տվել: Դեպքի տեղում շատերն են եղել, այդ թվում՝ ԹալիՆի ջոկատի ազատամարտիկները: Ում հետ զրուցեցի՝ բոլորն էլ վկայեցին, որ ոչ մի վիրավոր չի մնացել, բոլորն էլ նահանջել են, իսկ Արարատ Սարգսյանին, համարելով զոհված՝ մարմինը ճյուղերով քողարկել են, որ հետո գան տանեն:
Երբ Հաթերքում Թալինի տղերքը Թալիշի տղերքին ասում են, թե որտեղ են թողել Արարատի մարմինը, որ գնան բերեն, բայց դեպքերի զարգացումն այնպես է ընթանում, որ ոչ ոք չի գնում նրա ենթադրյալ դիակի հետևից, քանի որ հակառակորդն արդեն զբաղեցրել էր այդ տարածքները: Արարատ Սարգսյանը, որն ամենայն հավանականությամբ կոմայի մեջ է եղել, հետո, <<հրաշքով>> ողջ մնալով՝ մի քանի օր անց ինքնուրույն հետո հասնում է հայկական կողմին:
Այդ դեպքերից հետո էլ Արարատ Սարգսյանը չի դառնում ազատամարտիկ, հեռանում է ՌԴ, որտեղ առ այսօր էլ մշտապես ապրում է, չմասնակցելով ոչ գյուղի հետագա ազատագրմանը, ոչ էլ մասնակցում է 2016թ.-ի ապրիլյան պաշտպանությանը՝  ի տարբերություն այլ թալիշեցիների:
Ու զարմանալիորեն, մի քանի օր առաջ, 3-4 օրով հայտնվում է ՀՀ-ում, հասցնում <<Արմենիա TV>>-ով հարցազրույց տալ այդ դեպքերի մասին ու կրկին վերադառնում ՌԴ: Բայց, արդար լինելու համար, պետք է նշեմ, որ անգամ Արարատ Սարգսյանը չի ասում, որ իրեն թողել են, նա ասում է, թե կարծելով որ ինքը մահացած է՝ մարմինը ծածկել են ու հեռացել՝ հետագայում իր հետևից գալու նպատակով:
Իսկ հաղորդման այս թողարկման մեջ, խեղաթյուրելով իրականությունը, շեշտադրում են, որ Ժիրայր Սեֆիլյանը, որպես հրամանատար՝ թողել է վիրավորին ու ինքը փրկվել: Կարծես այլ մարդիկ այդտեղ չկային, կարծես այլ որոշում կայացնող չկար: Ու հաղորդման մեջ, չունենալով այլ փաստարկներ՝ հղում են անում այլ մարտիկների խոսքի՝ թե ինչպիսին պետք է լինի հրամանատարը: Արհեստականորեն այդ ճիշտ խոսքերը տեղադրելով այս թեմայի մեջ՝ փորձ է արվում հանրության մոտ ստեղծել վատ հրամանատարի կերպար:
Ժիրայր ինքն էլ վիրավորվել էր ոտքից ու երբ նրան էլ հանում են այդ տեղանքից՝ հասցնում են սկզբում Հաթերք, իսկ այնտեղից՝ Շուշի, որտեղ այն տարիներին <<Շաֆա>> նախկին տուրբազայում տեղակայված էր վաշտը: Լավ հիշում եմ, որ ապաքինվելուց հետո, դեռ մեկ ամիս՝ Ժիրայրը շրջում էր ձեռնափայտով:
Ինչևէ, այսքանով սահմանափակեմ թեման: Ուղղակի չեմ սիրում, երբ միտումնավոր կեղծում են պատմությունը, երբ, ինչը նկատվում է վերջին շրջանում՝ միտումնավոր վարկաբեկում են արցախյան ազատամարտի այն տարիների մասնակիցներին, շատ դեպքերում էլ՝ իրենք իրենց՝ կուլ տալով խայծերը կամ ելնելով ներկա քաղաքական հայացքներից ու շահերից: Այս ամենի մեջ միտում եմ տեսնում՝ հիասթափեցնել, էժանացնել, արժեզրկել այն ամեն հերոսականն ու անձնվիրականը, որն արմատացել է ժողովրդի մեջ: Սրբորեն պահպանենք այն ամեն լավը, որ ունենք: Դրանով ենք Ազգ: Իսկ մենք, որպես ազգ՝ այս ուղիով մաքառելու դեռ ճանապարհ ունենք անցնելու:
Հին ընկերները չպետք է իրար դավաճանեն:
Հանուն վաղվա Միացյալ Հայաստանի:

Հ.Գ. Ի դեպ, քաղաքականությունը պոռնկություն է՝ պոռնիկների համար:
Արթուր Եղիազարյան

No comments:

Post a Comment