ԿՈՊԵՆՀԱԳԵՆ-Ինչպես հաղորդում է panorama.am-ը հոկտեմբերի 29-ին Դանիայում Թուրքիայի դեսպանությունում կազմակերպված ընդունելության սրահից և DR-2 հեռուստաալիքի ստուդիայից ուղիղ եթերով հաղորդում է հեռարձակվել` նվիրված Թուրքիայի Հանրապետության 90-ամյակին: Հաղորդման հյուրերն են եղել Դանիայում Թուրքիայի և ԱՄՆ դեսպանները, քաղաքական գործիչ և թուրքագետ Յելդիզ Ագդողանը, դանիացի պատմաբան-ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդը, Դանիայում թուրքական համայնքի երիտասարդ ներկայացուցիչներ և այլոք:
Հեռուստահաղորդումն ուշագրավ է եղել նրանով, որ դրա ընթացքում բավականին երկար խոսվել է Հայոց ցեղասպանության մասին:
Հաղորդման սկզբում նշվել է Թուրքիայի ձեռքբերումների և նվաճումների մասին, այնուհետև խոսք է եղել Թուրքիայում առկա տաբուների մասին, որից հետո անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության խնդրին, և ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին սահմռկեցուցիչ լուսանկարներ, ինչպես նաև ներկայացվել է Մաթիաս Բյորնլունդի «Հայոց ցեղասպանությունը սկզբից մինչև վերջ» խորագրով գիրքը, որը լույս է տեսել վերջերս:
Մաթիաս Բյորնլունդը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, նշել է, որ թեպետ Թուրքիայում այժմ ավելի ազատ են խոսում այս թեմայի շուրջ, սակայն պետական մակարդակով այն շարունակում է տաբու մնալ, և շատ բան չի փոխվել 1915 թվականից ի վեր: Նա շեշտել է, որ ժխտողական քաղաքականության հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան վախենում է նյութական փոխհատուցման խնդրի առաջ կանգնելուց: Դրանից բացի, արխիվները մինչև հիմա փակ են, մասնավորապես այն արխիվները, որոնք պարունակում են տվյալներ հողերի, տների, ձեռնարկությունների և այլ սեփականության պատկանելիության մասին:
Մաթիաս Բյորնլունդ հավելել է, որ այս հարցում առաջխաղացման համար անհրաժեշտ է քաղաքական կամքի դրսևորում թուրքական իշխանությունների կողմից: Իր խոսքի վերջում պատմաբան-ցեղասպանագետը նշել է, որ Թուրքիան կառուցվել է «գողացված հայկական ունեցվածքի վրա»:
Թուրքագետ Յելդիզ Ագդողանը, խոսելով Թուրքիայում երիտասարդների շրջանում առկա տաբուների մասին, ասել է, որ թուրք երտասարդությունը շատ հետաքրքրված է այս խնդիրներով և ծավալում է ակտիվ բանավեճ դրանց շուրջ: Ասվածի ապացույցն են Գեզի այգում տեղի ունեցած իրադարձությունները: Նա նշել է, որ նման իրավիճակը չէր կարելի պատկերացնել 80-ականներին, երբ քաղաքականությամբ զբաղվելը վտանգավոր էր և առկա էր բանտ ընկնելու ռիսկ:
Պատմբան Դանելլա Կոսմանովիչը խոսել է Թուրքիայում հայկական հարցի բարձրացման հնարավորությունների մասին: Նա այս կապակցությամբ հիշատակել է Օրհան Փամուկի ու Էլիֆ Շաֆակի անունները, ովքեր աշխարհին հայտնի գրողներ են: Բայց նրանց կողքին Թուրքիայում կան հարյուրավոր մտավորականներ, որոնք հետապնդվել են կամ մահվան սպառնալիքներ ստացել Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար:
Ստորև ներկայացնում ենք հեռուստահաղորդման հղումը:
Աղբյուր` Panorama.am
No comments:
Post a Comment