ԵՎՐՈՊԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովրդի առջև ներկա պատմական փուլում ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը ժառանգություն ենք ստացել դեռ նախորդ դարերից, և բազմաթիվ հայորդիներ փորձում են վերացնել դրանց հասցրած վնասները, և գալիք սերունդներին իրազեկել պատմական անարդարությունների մասին, մասնակից դարձնել հայրենասիրական և հայապահպանման ծրագրերի իրագործման գործին:
ԵՀՄՖ համագումարի մասնակիցները գտնում են, որ այսօր վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում` փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռելով ազգային ունեցվածքը, պաշարները, չխնայելով անգամ բնությունը և մարդկաց, գալիք սերունդների առողջությունը, որն արտահայտվում է օր-օրի ահագնացող արտագաղթով, իսկ դրան որպես սնող աղբյուր է հանդիսանում ՀՀ վարչախմբի կողմից վարվող քաղաքականությունը` հիմնված անարդարության, անպատժելիության, ցինիզմի, իր իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ ատելության վրա:
Մարդիկ լքում են Հայրենիքը` գերադասելով ապրել և արարել այլ երկրներում:
Հիմք ընդունելով վերը նշված բարդագույն իրավիճակը Հայրենիքում, կոչ ենք անում Հայ Ազգին, Սփյուքռի և Հայաստանի ողջ հայությանը, միանալ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի շրջանակներում ստեղծված “Համահայկական ճակատ”-ին, որի հիմնական նպատակն է լինելու մեկտեղել համայն հայության ներուժը` երկրում արդարության, օրինականության, քաղաքացիների իրավական պաշտպանվածության հաստատման և անցնցում իշխանափոխության իրականացման համար:
Միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը ունի իրավունք հանդես գալու Հայաստան պետության անունից և կարող է լուծել համայն հայության խնդիրները, իսկ Սփյուռքը իրավասու և պարտավոր է իր անմիջական մասնակցությունը բերել Ազգի հրատապ փրկության այս գործընթացին:
ԵՀՄՖ-ի 15-ամյա հոբելյանական Համագումարի նախագահություն
Սլովակիա, Բրատիսլավա
No comments:
Post a Comment