Որոնում/search

29.3.13

Հայրիկս ինչու՞ չի գալիս

Անցել է երեք տարի,
Կռիվը վերջացել է արդեն, 
Հայրիկս ինչու՞ չի գալիս: 
Ես մեծացել եմ արդեն, 
Դարձել եմ հինգ տարեկան, 
Հայրիկս ինչու՞ չի գալիս: 
Բոլորն ինձ այնքան են սիրում, 
Մայրիկն էլ, տատիկն էլ, պապիկն էլ, 
Բայց ո՞վ կարող է, ասացեք, 
Հայրիկիս չափ ինձ սիրել: 
Հենց որ խոսում եմ այդ մասին, 
Տատիկս շրջվում է, լռում, 
Պապիկս ծաղիկներն է ջրում, 
Կարծում եք՝ ես չե՞մ հասկանում: 
Հայրիկիս աղբյուրից նրա ծառերը, 
Ես իքնս եմ իմ ձեռքով ջրում: 
Բայց միայն ես եմ իմանում, 
Որ երբ մեծանան ծառերը, 
Հայրիկս անպայման կգա: 
Երբ ծաղկի իր փշատենին, 
Հայրիկս անպայման կգա, 
Ես հոտ կքաշեմ այդ ծաղկից՝ 
Հայրիկիս ուժեղ ուսերի վրա...




''Մանեի ոտանավորը նվիրված Արցախյան ազատամարտում զոհված հորը..''

Երբ չորս տարեկան Մանե թոռնուհիս մի գիշեր քնաթաթախ սկսեց հեկեկալ, թե՝ «Հայրիկիս կարոտել եմ, էդ կռիվը չպրծա՞վ, ինչու՞ չի գալիս», աշխարհ ու կյանք տեսած տատիկն ու ես ապշել էինք ու կարկամել՝ հանկարծակիի եկած, խոսք չէինք գտնում ասելու: Հետո, մի կերպ հավաքելով ինձ, հազիվ ասացի.


- Կգա, բալա ջան, կգա, քնի´ր...
Դերենիկ Պետրոսյանի «Հայրիկս ինչու՞ տուն չի գալիս» գրքից:

No comments:

Post a Comment